Հայերեն | English
Կայքի քարտեզը
 
 Հարցում
 
Որո՞նք են Ձեր ընկերության առաջնահերթությունները բիզնես գործընթացների ավտոմատացման հարցում
ERP (Enterprise Resource Planning)
 33%
CRM (Customer Relationship Management)
 11%
ECM (Enterprise Content Management)
 4%
BPM (Business Process Management)
 15%
BI (Business Intelligence)
 7%
Ավտոմատացման բոլոր նախագծերը սառեցված են
 4%
Ավտոմատացման կարիք չենք զգում
 26%
 "Սոցիալական ապահովության քարտերի" տեղեկատվական համակարգ
 

"Սոցիալական ապահովության քարտերի" տեղեկատվական համակարգի նպատակն է` ՀՀ քաղաքացիներին, ՀՀ-ում բնակության իրավունք ունեցող և բնակվող օտարերկրյա քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող անձանց ու փախստականի կարգավիճակ ունեցող անձանց տրամադրվող սոցիալական ապահովության քարտեր հատկացնելու աշխատանքների արդյունավետ կազմակերպումը:

 

Համակարգը նախատեսված է Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց միասնական նույնականացման/իդենտիֆիկացիոն համակարգի ձևավորման համար: Անհատական տվյալներ պարունակող տեղեկատվական բազաներում սոցիալական քարտի համարը կիրառվում է որպես անձին նույնականացնելու միջոց, որի շնորհիվ կանոնակարգվել և բարելավվել են տվյալներ մշակելու և օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկատվություն փոխանակելու ընթացակարգերը:

 

Համաձայն  "Սոցիալական ապահովության քարտերի մասին" ՀՀ օրենքի` Սոցիալական ապահովության քարտի համարը եզակի է և անփոփոխ, ի տարբերություն այլ փաստաթղթերի, որոնք հատկացվում են քաղաքացիներին (անձնագիր, ծննդյան վկայական, ճամփորդական փաստաթուղթ և այլն): Եթե քաղաքացին որևէ պատճառով փոխել է իր անձը հաստատող փաստաթուղթը, ապա նրան կհատկացվի նոր սոցիալական ապահովության քարտ, որի վրա նշված կլինի նոր փաստաթղթի սերիան և համարը, սակայն սոցիալական քարտի համարը կմնա անփոփոխ:

 

Սոցիալական ապահովության քարտերի համակարգի հիմնական գործառույթներն են.

  • Սոցիալական քարտ ստանալու համար դիմած քաղաքացիների անհատական տվյալների և սոցիալական ապահովության քարտից հրաժարվող քաղաքացիների դիմումների մուտքագրում տեղեկատվական բազա` զուգահեռաբար տեղեկատվությունը ճշգրտելով հարակից տեղեկատվության հետ:
  • Տեղեկատվական շտեմարանի կառավարում` հավաքագրում, կանոնակարգում և արխիվացում: 
  • Ցուցակների, հաշվետվությունների և վերլուծությունների ստացում ու տպագրություն: 
  • Սոցիալական ապահովության քարտերի և սոցիալական ապահովության քարտից հրաժարվող քաղաքացիների դիմումների հիման վրա տեղեկանքների տպագրություն:

Այս գործառույթները իրականացվում են  ինչպես տարածքային ծառայություններից ստացված հայտերի հիման վրա, այնպես էլ "Նորք" տեղեկատվավերլուծական կենտրոնում գործող քաղաքացիների արագ սպասարկման կենտրոնում, որտեղ քաղաքացին, ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, անմիջապես ստանում է սոցիալական ապահովության քարտ:

 

2011թ. ապրիլից գործում է նաև սոցիալական ապահովության քարտերի տրամադրման էլեկտրոնային եղանակը, որի շրջանակներում մինչ օրս ներկայացվել է շուրջ 10.000 հայտ:

 

Տարածքային ծառայություններից սոցիալական քարտ ստանալու համար քաղաքացին լրացնում է սոցիալական քարտ ստանալու հայտ և այն անձամբ կամ այլ անձի միջոցով ներկայացնում իրավասու մարմին` զբաղվածության տարածքային կենտրոն (գործազուրկների հաշվառում իրականացնող մարմին) կամ սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն (ընտանեկան նպաստ հատկացնող մարմին), կամ սոցիալական ապահովագրության տարածքային կենտրոն (կենսաթոշակ նշանակող մարմին):
Հայտում տվյալները լրացնելիս հիմք են ընդունվում "Սոցիալական ապահովության քարտերի մասին" ՀՀ օրենքով սահմանված փաստաթղթերը:
Հայտը ներկայացնելուց մեկ ամիս հետո քաղաքացին անձամբ, իր անձը հաստատող փաստաթուղթը ներկայացնելով, կամ նրա ներկայացուցիչը` համապատասխան փաստաթղթեր ներկայացնելով, ստանում է քարտն այն մարմնից, որտեղ ներկայացվել է հայտը:

Քաղաքացու ներկայացուցիչ են համարվում. մինչև 16 տարեկան քաղաքացու համար` նրա ծնողը (որդեգրողը) կամ օրինական ներկայացուցիչը (խնամակալը, հոգաբարձուն), դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացու համար` նրա խնամակալը կամ հոգաբարձուն, 16 տարեկանը լրացած քաղաքացու համար` նրա լիազորած անձը: Եթե քաղաքացին դիմում է այլ անձի քարտ ստանալու համար, ապա պետք է ներկայացնի համապապատասխան փաստաթուղթ` լիազորագիրը կամ խնամակալ ճանաչվելու մասին դատարանի վճիռը:

Սոցիալական քարտ ստանալու հայտը լրացվում է հետևյալ փաստաթղթերի հիման վրա, մինչև 16 տարեկան ՀՀ քաղաքացիների համար` ՀՀ տարածքում վավերական համարվող ծննդյան վկայական, 16 տարեկան և բարձր ՀՀ քաղաքացիների համար` ՀՀ քաղաքացու անձնագիր (կապույտ նմուշի), փախստականների համար` նոր նմուշի (կապույտ) ճամփորդական փաստաթուղթ, օտարերկրյա քաղաքացիների համար` կացության քարտ (հատկացվում է այն երկրների քաղաքացիներին, որոնք ՀՀ մուտք գործելու համար պետք է մուտքի թույլատվություն ունենան), օտարերկրյա այն քաղաքացիների համար, ովքեր ՀՀ ժամանելիս մուտքի թույլատվության անհրաժեշտություն չունեն (ԱՊՀ անդամ երկրներ), իրենց` քաղաքացու անձնագիրը կամ ծննդյան վկայականը:

Սոցիալական քարտը անձը հաստատող փաստաթուղթ չէ և չի կարող գործածվել որպես այդպիսին: Սոցիալական քարտի վրա նշված են քարտի համարը, քաղաքացու անունը, ազգանունը, հայրանունը, սոցիալական քարտը հատկացնելու օրը, ամիսը, տարին, ինչպես նաև քարտը հատկացնելու համար հիմք հանդիսացած` անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը: Սոցիալական քարտը գործածելի է այն հատկացնելու համար հիմք հանդիսացած` անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, ծննդյան վկայական և այլն) հետ ներկայացնելիս:

 

Սոցիալական քարտերի տեղեկատվական շտեմարանը սոցիալական քարտեր ստացած քաղաքացիների անհատական տվյալների ամբողջությունն է, որը ներառում է քաղաքացիների սոցիալական քարտերի համարները, ինչպես նաև քաղաքացիներին վերաբերող հետևյալ տվյալները.

  1. անունը, ազգանունը և հայրանունը,
  2. ծննդյան օրը, ամիսը և տարին,
  3. սեռը,
  4. քարտ հատկացնելու համար հիմք հանդիսացած` անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը,
  5. մահվան դեպքում` մահվան օրը, ամիսը և տարին:

Այն քաղաքացիները, որոնք հրաժարվում են սոցիալական քարտ ստանալուց կարող են դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն եւ ստանալ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանք ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: 

 

01.01.2012թ. դրությամբ սոցիալական ապահովության քարտ է հատկացվել 3.248.586 քաղաքացու, որից 589.653-ը քաղաքացիների արագ սպասարկման կենտրոնում: Սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանք է հատկացվել 20610 քաղաքացու: 

 

ՄԵՐ ՄԱՍԻՆ  |  ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ԾՐԱԳՐԵՐ | ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ | ԳՆԱՑՈՒՑԱԿ | ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ՀՂՈՒՄՆԵՐ
  © 2009 "Նորք" տեղեկատվավերլուծական կենտրոն ՓԲԸ: Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են: