ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
"Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգի" զարգացման հաջորդական և տրամաբանական քայլը Էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման գաղափարի որդեգրումն է: ՆՈՐՔ տեղեկատվավերլուծական կենտրոնն իր ուրույն տեղն է զբաղեցնում հանրապետությունում այս ուղղությամբ իրականացվող նախաձեռնություններում, մասնավորապես.
Ի՞նչ է Էլեկտրոնային կառավարման համակարգը
Էլեկտրոնային կառավարման համակարգը տեղեկատվական համակարգերի ամբողջություն է` միասնական նույնականացման միջոցների կիրառմամբ: Նույնականացման միջոցների օգնությամբ տարբեր տեղեկատվական համակարգերում տվյալ անձի վերաբերյալ տեղեկատվությունը հնարավոր է կապել իրար հետ: Տեղեկատվական համակարգերի միջեւ տեղեկատվության փոխանակությունն իրականացվում է համապատասխան տեղեկատվական համակարգի միջոցով: Տեղեկատվության փոխանակության համակարգի միջոցով է իրականացվում հարցումների ուղղորդում, հետադարձ կապերի ապահովում: Էլեկտրոնային կառավարման համակարգը յուրաքանչյուր քաղաքացու, պետական և մասնավոր կազմակերպությունների ներկայացուցչի համար հնարավորություն է ստեղծում ստանալ իրեն հասանելիք տեղեկատվությունը կամ ծառայությունը ինտերնետի միջոցով: Այլ կերպ ասած, էլեկտրոնային կառավարումը պետության (պետական մարմինների), քաղաքացիների և կազմակերպությունների փոխհարաբերություններն ապահովող էլեկտրոնային գործիքների ամբողջություն է, որի նպատակն է բարելավել այդ փոխհարաբերությունների որակն ու արդյունավետությունը։ Էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման անհրաժեշտությունն ու նշանակությունը հիմնավորվում է հետևյալ հիմնական չափանիշներով՝
- Կառավարության գործունեության թափանցիկություն
- Որոշումների կայացման արագություն և արդյունավետություն
- Պետական ծառայողների աշխատանքի բարձր արդյունավետություն
- Ցածր կոռուպցիոն ռիսկեր։
Ի՞նչ է անհրաժեշտ էլեկտրոնային կառավարման համակարգի կայացման համար
Էլեկտրոնային կառավարման համակարգի հիմնական բաղադրիչներն են`
- Տեղեկատվական ռեգիստրներ
- Տեղեկատվության փոխանակության համակարգ
- Կառավարման տեղեկատվական համակարգեր
- Էլեկտրոնային կառավարման պորտալ
- Նույնականացման եւ իրավասությունների ճանաչման համակարգ
Էլեկտրոնային կառավարման համակարգի հիմքում ընկած է այս փոխկապակցված բաղադրիչների որակի և ճկունության ապահովումը: Սակայն առանց հեռահաղորդակցության զարգացած ենթակառուցվածքի և համապատասխան իրավական դաշտի անհնար է ապահովել պետության, քաղաքացիների և կազմակերպությունների որակյալ և արդյունավետ փոխհարաբերությունները: